Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներին 29.05.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներին

 

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին: Ողջունելով սենատորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նրանց նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն առանձնակի ջերմություն է տածում ֆրանսիացիների հանդեպ, քանի որ դժվար պահերին նրանք մշտապես զորակից են եղել մեր ժողովրդի զավակներին եւ հանդես եկել նրանց իրավունքների պաշտպանությամբ: Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին` համայնքին հոգեւոր եւ մշակութային կյանքով լիարժեքորեն ապրելու հնարավորություն ընձեռելու  համար: Պատվիրակության ղեկավար սենատոր Ֆիլիպ Մարինին իր հերթին անդրադարձավ հայ-ֆրանսիական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք աչքի են ընկնում բարձր մակարդակով: Պրն. Մարինին կարեւորեց նաեւ հայկական համայնքի դերն ու նշանակությունը Ֆրանսիայի զարգացման գործում` նշելով, որ երկրի տարբեր քաղաքներում առկա հայկական եկեղեցիներն ու մշակութային շատ արժեքներ Ֆրանսիայի անբաժան մասն են կազմում: Սենատորները նաեւ ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իրենց այցի տպավորությունները` մասնավորաբար ընդգծելով, որ այսօր Արցախում ակնհայտ է խորը քրիստոնեական արմատներ ունեցող ազգային մշակույթի եւ ինքնության վերածնունդը: