Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
Հուլիսի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ:
Ողջունելով պատգամավորական բարեկամության խմբի նախագահի առաջին այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ եւ սերտ եղբայրական կապերին: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց հայորդիների հանդեպ Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ինչի ականատեսն է եղել Հովվապետական իր այցերի ժամանակ:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Ֆրանսիայի իշխանությունների միջեւ առկա գործակցությունը, որի օրինակներից մեկը Մայր Աթոռի տարածքում գործող բարեգործական մանկական ատամնաբուժարանն է: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություն մաղթեց ֆրանսիացի պատգամավորներին հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման գործում:
Իր հերթին պրն. Լագոշը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին փոխանցեց պատգամավորական բարեկամության խմբի անդամների ողջույններն ու հարգանքը: Խմբի նախագահն անդրադարձավ նաեւ հայ ժողովրդի կապվածությանը Հայոց Եկեղեցուն, ինչը լավագույնս նկատելի է ֆրանսահայ համայնքում:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորության մասին, որպեսզի մարդկային կյանքում այլեւս տեղ չգտնեն եւ կանխարգելվեն նման երեւույթները: Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի կարեւոր մասնակցությանը: