Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փարիզի և Մարսելի հայկական վարժարանների սաներին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Փարիզի «Համազգային» և Մարսելի «Դպրոցասեր» վարժարանների սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի:
Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց սաներին` կարևորելով Ֆրանսիայի հայկական վարժարանների կողմից շարունակական բնույթ կրող ամենամյա այցելությունները Հայրենիք:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայրենիքում տեղի ունեցած արարողություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ ֆրանսահայ վարժարանների սաները հնարավորություն են ունեցել մասնակցելու Մայր Աթոռում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը: Նորին Սրբությունը նշեց, որ սուրբ նահատակների բարեխոսությամբ վերջիններիս գիտակցության մեջ նախանձախնդրության ոգին պետք է ավելի զորանա` պայքարելու արդարության վերականգնման համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց` քանի դեռ ոճրագործությունն արժանի ու արդար դատապարտում չի ստացել մարդկության կողմից, նմանօրինակ ոճիրների կրկնության վտանգն անխուսափելի է:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, խոսելով ազգային ինքնության պահպանության անհրաժեշտության մասին, պատգամեց պատանիներին լինել Հայրենիքի և Հայ Եկեղեցու արժանավոր զավակներ, հոգիներում անխախտ պահել նախնիների կողմից ավանդված ժառանգությունն ու սերն ազգի, Հայրենիքի և Եկեղեցու հանդեպ:
Հանդիպմանը ներկա էր Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: