Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի ներկայացուցիչներին 28.11.2015
Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի ներկայացուցիչները Մայր Աթոռում

     Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի նախագահ Դիմիտրի Պիրբարիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների:

     Նորին Սրբությունը, ողջունելով Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն, անդրադարձավ հայ և եզդի ժողովուրդների հարաբերություններին` նշելով, որ դրանք հատկանշված են ամուր եղբայրական կապերով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ Հայաստանում եզդիները, ապրելով հայ ժողովրդի կողքին, ազատորեն կազմակերպում են իրենց ազգային-հոգևոր կյանքը:

     Իր հերթին Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի նախագահը ներկայացրեց Վրաստանում եզդիների, հայ համայնքի ու Վիրահայոց թեմի միջև ձևավորված սերտ գործակցային հարաբերությունները: Խոսելով Հայաստանի եզդիական համայնքի մասին` նա, հանուն ՀՀ-ում ապրող եզդի ազգաբնակչության, շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը վերջիններիս կրոնական և ազգային ավանդությունների պահպանման հարցում ցուցաբերած հոգածու վերաբերմունքի համար:

     Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: