Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների Ժողովի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների Ժողովի նախագահին  16.07.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների Ժողովի նախագահին

Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում եւ Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկու եւ Հայաստանում, Վրաստանում ու Արեւելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի: 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց կարդինալի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռի եւ Վատիկանի միջեւ կրթական եւ սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարեւորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի եւ Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով  նաեւ կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Նորին Սրբությունը բարձր գնահատեց վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու հանդեպ:

Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների եւ համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձեւավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:

Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին:

Իր հերթին, կարդինալ Սանդրին եւս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով եւ անդրադարձավ Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաեւ Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելեցին Մայր Տաճար, աղոթք բարձրացրեցին Իջման Ս. Սեղանի առջեւ: