Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վան-Վասպուրական հայրենակցական միության անդամներին
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վան-Վասպուրական հայրենակցական միության անդամներին, որոնք ամեն տարի Մկրտիչ Խրիմյան հայրապետի մահվան օրը գալիս են ոգեկոչելու նրա վառ հիշատակը:
Եկող տարի լրանում է Խրիմյան Հայրիկի մահվան 100-ամյակը: Այս առիթով Վան-Վասպուրական հայրենակցական միության նախագահ Վարազդատ Հարությունյանը հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու աջակցությունը, որպեսզի երջանկահիշատակ հայրապետի մահվան տարելիցը դառնա համազգային հիշատակի օր:
Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով հայրենակցական միության սերն ու նվիրվածությունը Հայ Եկեղեցուն և իրենց հայրենակցի հիշատակին, նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արժանավորապես կազմակերպվելու են Խրիմյան Հայրիկի հիշատակին նվիրված միջոցառումներ: