Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին
Հոկտեմբերի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին, ովքեր Հայոց Հայրապետի հրավերով Լիբանանից ժամանել են Ս. Էջմիածին` Համախմբումի հիմնադրության 50-ամյակը տոնախմբելու նպատակով:
Նորին Սրբությունը, բարի գալուստ մաղթելով Համախմբումի անդամներին, իր հայրական օրհնությունն ու գնահատանքը բերեց Համախմբումի նախագահ տիկ. Միմի Հարությունյանին եւ բոլոր անդամներին, որ արդեն կես դար մեծ նվիրումով եւ նախանձախնդրությամբ իրենց անսակարկ նպաստն են բերում Մայր Աթոռի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառացմանը` զորավիգ լինելով Մայր Եկեղեցու եկեղեցաշեն եւ ազգօգուտ ձեռնարկներում:
«Առանձնահատուկ ուրախություն եւ գոհունակություն է Մեր գահակալության առաջին իսկ օրվանից տեսնել ձեզ աջակից Մեզ` լծված Հայ Եկեղեցու պայծառացման գործին: ...Ուրախ ենք, որ այս առիթն ընձեռվեց Մեզ` շնորհակալություն հայտնելու Մայր Աթոռի հարազատ զավակներիդ, այս հաստատության զինվորներիդ, պանծացնելու ձեր վաստակը, ոգին ու նվիրյալ ծառայությունը Ս. Էջմիածնին»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով Համախմբումի անդամներին հիմնադրման 50-ամյակի առիթով, մաղթեց, որ նրանց օրինակը խանդավառի բոլոր հայուհիներին, որպեսզի իրենց ծառայությունը բերեն Հայ Եկեղեցու առաքելությանը:
Հանուն Համախմբումի ողջույնի խոսք ասաց տիկ. Միմի Հարությունյանը` շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրավերի համար: «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» նախագահը նաեւ շնորհավորեց Նորին Սրբությանը գահակալության տասնամյակի առիթով:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը հանգամանորեն ներկայացրեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս գործունեությունը հայոց կյանքի տարբեր ոլորտներում:
Հայրենիքում մեկշաբաթյա կեցության ընթացքում Լիբանանի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամները կայցելեն Սեւանի Վազգենյան դպրանոց, Կեչառիսի, Խոր Վիրապի, Նորավանքի վանական համալիրներ, ուխտի կմեկնեն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կլինեն Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայորդաց տներում: Երեւանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա նաեւ հանդիսություն` նվիրված «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» հիմնադրման 50-ամյակին: