Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության առաջնորդին

Ապրիլի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության առաջնորդ Պավել Ռուշեւսկուն:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը վերհիշեց 2008 թ. նոյեմբերին Սլովակիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փաստը, ինչում, իբրեւ Սլովակիայի խորհրդարանի խոսնակ, մեծ դերակատարություն ունեցավ պրն. Ռուշեւսկին: «Երբ քաղաքական առաջնորդների մեջ առկա է աստվածասեր հոգին, նրանց որոշումները, վստահաբար, ունեն Սուրբ Հոգու առաջնորդությունը, եւ նման դեպքերում մարդկությունը ստիպված չի լինում ճաշակելու իր դեմ ուղղված հանցանքներ ու ոճիրներ: Մարդկության դեմ ոճիրները կարելի է կանխել նաեւ դրանց դատապարտումով», - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը` իր գնահատանքը հայտնելով Սլովակիայի իշխանություններին:

Անդրադարձ կատարվեց նաեւ երկու երկրների միջեւ բարի հարաբերությունների ձեւավորման եւ զարգացման գործընթացին, ինչին մեծապես նպաստում են փոխայցելությունները:

Երախտագիություն հայտնելով հյուրընկալության համար` պրն. Ռուշեւսկին նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հոգեւոր առումով նոր լիցքեր ստանալ` շփվելով Նորին Սրբության հետ: Իր խոսքում Պավել Ռուշեւսկին ընդգծեց, որ մարդկությունը կարող է խուսափել իր առջեւ ծառացած բազում մարտահրավերներից, եթե ուշադրության կենտրոնում պահի հոգեւոր եւ բարոյական արժեքները: