Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին
Հունիսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Ողջունելով մեծարգո հյուրի այցը համայն հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց, որ բազմադարյա հարաբերությունները երկու երկրների միջեւ անխաթար կերպով, բարեկամական նույն ջերմ զգացումներով շարունակվում են եւ առավել ամրապնդվում նոր համագործակցությամբ եւ իրագործումներով: Նորին Սրբությունը նախագահի այցը Հայաստան նոր խթան նկատեց այդ համագործակցության առավել զորացման համար:
Հայոց Հայրապետը վերհիշեց իր այցելությունը Սիրիա` Հալեպ եւ Դեր-Զոր, եւ հաստատեց Սիրիայի ժողովրդի հյուրընկալ ոգին եւ իշխանությունների հոգատար վերաբերմունքը սիրիաբնակ հայորդիների նկատմամբ` հավելելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Սիրիայի եղբայր ժողովրդի աջակցությունը, որ ցուցաբերվեց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հազարավոր հայերի հանդեպ: Հայոց Հայրապետը նաեւ խոսեց միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերությունների մասին` աշխարհի առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում կարեւոր նկատելով հոգեւոր առաջնորդների համերաշխ համագործակցությունը ի սեր ժողովուրդների բարօրության: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ այդ շրջագծում տեղի ունեցած Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ Զաքքա Ա Պատրիարքի եւ Սիրայի գլխավոր Մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունի այցերին Մայր Աթոռ:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձավ Սիրիայի ժողովուրդների եւ կրոնների բազմազանությանը եւ Սիրիայի կյանքում հայ ժողովրդի զավակների կարեւոր ներդրմանը: Ընդգծվեց կրոնների կարեւոր առաքելությունը մարդկանց կյանքում: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտոնական այց կատարել Սիրիայի Հանրապետություն:
Ի գնահատություն հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի, պետության եւ ժողովրդի հոգատար եւ ազնիվ վերաբերմունքի, ինչպես նաեւ ի խնդիր խաղաղության եւ ժողովուրդների բարեկամության կատարած իր աշխատանքի` Գարեգին Բ Հայրապետը նախագահ Բաշար Ալ-Ասադին հանձնեց Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան:
«...Ձեր բարեհիշատակ նախորդները հատուկ հոգածությամբ Սիրիայում ազատ ապրելու, եկեղեցի, դպրոց ու ազգային հաստատություններ հիմնելու իրավունք շնորհեցին տարագիր մեր հայրերին` առհավետ ամրագրելով մեր երկու ժողովուրդների եղբայրությունը: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ սիրիաբնակ Մեր հավատավոր զավակները երկրի հպարտ ու արժանավոր քաղաքացիներն են եւ, երախտիքի խորը զգացումով հանդեպ իրենց հայրերին սիրով հյուրընկալած Ձեր պետությունն ու ժողովուրդը, ազնիվ աշխատանքով ու առաքինի գործերով բազմարդյուն մասնակցություն են բերում Սիրիայի հասարակական կյանքի առաջընթացին»,- ասվում է Հայրապետական Սրբատառ կոնդակում:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ինչպես նաեւ Սիրիայից հավատավոր բարերար հայորդիներ` տիարք Գառնիկ Յակուբյանը, թեմական խորհրդի ատենապետ Թագվոր Բոյաջյանը, Վազգեն Յակուբյանը եւ Գաբրիել Ջամբարջին: