Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթիին
Սեպտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Սիրիայի Հանրապետության մուֆթիի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ ժամանակ առաջ ծրագրված այցելությունն իրականացավ: «Ուրախ ենք, որ այդուհանդերձ Ձեր այցը Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարվել է, եւ մենք առիթ ունենք մեր սերը, հարգանքը վերանորոգելու միմյանց հանդեպ»,- ասաց Վեհափառը: Նորին Սրբությունը մեծապես կարեւորեց նմանատիպ հանդիպումները` հատկապես ներկայիս աշխարհի խառնակ պայմաններում, երբ հաճախ փորձ է արվում տարբեր շահադիտական նպատակներով կրոնները հակադրել միմյանց:
Հայոց Հովվապետը վերհիշեց 2001 թվականին կատարած այցը Հալեպ` քաղցրությամբ վերահաստատելով այն ջերմ ընդունելությունը, որ ցուցաբերվել էր Հալեպի ողջ բնակչության կողմից: «Գոհունակություն էր տեսնել դարերի կնիքն ու դրոշմն ունեցող այն ջերմ բարեկամական, եղբայրական հարաբերությունները, որ առկա էին մեր ժողովուրդների միջեւ: Մեծ մխիթարություն նաեւ ապրեցինք` տեսնելով, թե ինչպիսի սեր եւ հարգանք է տածվում Դեր Զորի` Ցեղասպանության այդ վայրի եւ հուշարձանի հանդեպ եւ' պետական եւ' ժողովրդական մակարդակով»,-նշեց Նորին Սրբությունը` աղոթք բարձրացնելով, որ Աստված խաղաղ պահի Միջին Արեւելքը եւ համայն աշխարհը, որպեսզի ազգերը եւ պետություններն ապրեն սիրո եւ եղբայրության մեջ: Շեյխ Հասսունին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը զորացնի նրան եւ պտղաբեր դարձնի նրա ծառայությունն իր ազգի եւ աշխարհի համար:
«Երբ Հայաստան եկա, հավատացե'ք, բնավ, երբեք օտար ինձ չզգացի»,- իր հերթին ասաց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթին` ուրախություն հայտնելով հանդիպման եւ ջերմ ընդունելության համար եւ շնորհավորելով նաեւ առաջիկային նշվելիք Հայաստանի անկախության 15-ամյակի առիթով: Իր խոսքում Սիրիայի մուֆթին անդրադարձավ երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերին եւ ընդհանրություններին` նշելով, որ Սիրիայի ժողովուրդը հայորդիներին երբեք չընդունեց իբրեւ գաղթականների, այլ իբրեւ եղբայրների:
Սիրիայի հոգեւոր առաջնորդը հանգամանորեն խոսեց աշխարհում խաղաղության վերահաստատման եւ այդ գործում բոլոր կրոնների հոգեւոր առաջնորդների ջանքերի մեկտեղման եւ համագործակցության անհրաժեշտության մասին: «Անցյալը, որ արյունահեղության եւ տառապանքի պատմություն է, պետք է սովորեցնի, թե ինչպես ապրենք ապագային»,- ասաց շեյխ Հասսունը:
Սիրիայի մուֆթիին այցի ընթացքում ուղեկցում են Դամասկոսի մուֆթի շեյխ Աբդուլ Ֆաթթահ ալ Բիզեմը, շեյխ Մուհամմադ Աբիր Հասսունը, մուֆթիի գրասենյակի քարտուղար Ֆաուդ ալ Շաբշը, քրիստոնեական-իսլամական կապերի քարտուղար Բասել Կաս Նասրալլան եւ Ջորջ Պապյանը` իբրեւ թարգմանիչ:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, Մայր Աթոռի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, վանքերի տեսուչ Տ. Արարատ ծ. վրդ. Գալթագճյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը, Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտ. Մուխլիս Ֆարաոնը, Ալժիրում եւ Թունիսում ՀՀ դեսպան Լեւոն Սարգսյանը, ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության խորհրդական Արմեն Մելքոնյանը եւ վարչության պետ Արտյոմ Ազնավուրյանը: