Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սինգապուրի ավագ նախարարին
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուին:
Նորին Սրբությունը, բարի գալուստ մաղթելով Սինգապուրի ավագ նախարարին Ս. Էջմիածին, անդրադարձավ հայ ժողովրդի հոգեւոր կյանքին, Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանը եւ արդի մարտահրավերներին: Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց ի դեմս ավագ նախարարի Սինգապուրի ժողովրդին Սինգապուրի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հանդեպ, որ երկրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1836թ.), ցուցաբերվող խնամքի համար:
Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ իրեն համար մեծ պատիվ է այցելել Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ կատարվեց այն մեծ ներդրմանը, որ հայ համայնքն ունեցել է երկրի շենացման եւ բարգավաճման գործում:
Հանդիպման ներկա էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը: