Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահին  19.09.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահին

 

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի (Մինեսոթա, ԱՄՆ) նախագահ հայր Դենիս Դիսին եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին:

Հանդիպման ընթացքում ողջունելով «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի ներկայացուցչական խմբի այցը Հայաստան` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց համալսարանի տնօրինությանը եւ հոգաբարձուներին կրթական ոլորտում կարեւոր եւ պատասխանատու առաքելություն ստանձնելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ գոհունակություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ համալսարանի միջեւ Գաֆեսճյան ընտանիքի ջանքերի շնորհիվ ձեւավորված սերտ համագործակցության առիթով, որի արդյունքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառությունը շարունակելու «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանում: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ  վերջին տասնամյակում տարբեր Եկեղեցիների աջակցությամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթություն են ստացել արտերկրի համալսարաններում եւ բարձրագույն կրթական հոգեւոր հաստատություններում` մասնագիտանալով կրոնական-աստվածաբանական տարբեր առարկաների մեջ:

Իր խոսքում «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահն ուրախություն հայտնեց համալսարանում հայ եկեղեցականների ուսումնառության առիթով` վստահեցնելով, որ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ ապագային ավելի կզորանա: