Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի առաջին տիկնոջը

Մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւային` Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ:

Ողջունելով տիկ. Մեդվեդեւայի այցն ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր եղբայրական կապերին եւ երկրների սերտ համագործակցությանը: Նորին Սրբությունը գնահատանքով փաստեց, որ երկու երկրների նախագահների տիկինները համատեղ կրթական ու մշակութային ծրագրերով կարեւոր նպաստ են բերում երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների զարգացմանն ու առավել զորացմանը:

Իր հերթին ՌԴ առաջին տիկինն ուրախություն հայտնեց Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի, ինչպես նաեւ Հայաստանին եւ հայ ժողովրդի հոգեւոր ժառանգությանը ծանոթանալու առիթով:

Հանդիպմանը նշվեց Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերի եւ տարբեր ոլորտներում համագործակցության, երկու Հովվապետերի ջերմ հարաբերությունների մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու կարեւոր դերակատարությանը եւ իշխանությունների կողմից այդ առաքելության իրագործման մեջ Եկեղեցուն ցուցաբերվող աջակցությանը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբության ուղեկցությամբ հյուրերը Վեհարանի թանգարանային սրահներում ծանոթացան Հայ Եկեղեցու գանձերի եւ սրբությունների հետ: Ապա այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում: