Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Կուրսկի մարզի պատվիրակությանը
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի պատվիրակությանը` գլխավորությամբ Կուրսկի մարզի նահանգապետի տեղակալ, ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Լյուդմիլա Գրեբենկովայի:
Հանդիպման սկզբում պատվիրակության անդամ, Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային կազմակերպության նախագահ Ալեքսան Կոշտոյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին և Հայաստան այցելության նպատակը:
Այնուհետև հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն ողջունեց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունը, Խորհրդային միության տարիներին Եկեղեցու կրած դժվարությունները և ներկա վիճակը` ընդգծելով Եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային կյանքում: Խոսելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապերի ձևավորման գործում Հայ Եկեղեցու դերակատարության մասին` Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա ջերմ հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում:
Անդրադառնալով Ռուսաստանի հայկական համայնքին` Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց ՌԴ իշխանություններին` հայ ժողովրդի զավակների նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների սերտ կապերին, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության անհրաժեշտությանը: