Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ժուկովին

Հուլիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի:

Ողջունելով ՌԴ փոխվարչապետի այցն ամենայն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների առավել սերտացման եւ նորանոր ոլորտներում ձեւավորվող համագործակցության առիթով, հաջողություն մաղթեց Ա. Ժուկովի առաքելությանը Հայստանում:

Վեհափառ Հայրապետը նաեւ գնահատանքով անդրադարձավ ռուսաստանաբնակ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ՌԴ իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչպես նաեւ հայորդիների բերած կարեւոր ներդրմանը երկրի տնտեսական եւ մշակութային կյանքում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, Հայ եւ Ռուս Եկեղեցիների ջերմ հարաբերություններին եւ հոգեւոր առաքելության իրագործմանն երկու ժողովուրդների կյանքում:

Հանդիպմանը ներկա էր Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: