Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» նախաձեռնության մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» նախաձեռնության մասնակիցներին 18.09.2008

Սեպտեմբերի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակներում Հայաստանում գտնվող ռուս անվանի գրողների, գրականագետների, խմբագիրների, լրագրողների պատվիրակությանը` գլխավորությամբ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վ. Վ. Կրիվոպուսկովի եւ ուղեկցությամբ Զորի Բալայանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց «Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» նախաձեռնության կազմակերպիչներին` կարեւոր նկատելով նման միջոցառումների անցկացումը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ առկա բարեկամության առավել ամրապնդման համար:

Իրենց հերթին նախաձեռնության մասնակիցները ներկայացրեցին անցած օրերի իրենց տպավորությունները: Ներկաները կարեւոր նկատեցին նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների դերը երկու հավատակից ժողովուրդների հումանիտար եւ մշակութային կապերի պահպանման եւ զորացման գործում:

Հանդիպման ավարտին պրն. Կրիվոպուսկովը հանուն Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության Վեհափառ Հայրապետին հանձնեց Վալերի Բրյուսովի անվան շքանշան` ռուս-հայկական հումանիտար եւ մշակութային կապերի զարգացման մեջ կարեւոր ներդրում ունենալու համար: