Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Մշակույթի նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Մշակույթի նախարարին  12.07.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Մշակույթի նախարարին

     Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Մշակույթի նախարար Դանիել Կոնստանդին Բառբուին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանի:

     Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ Ռումինիայի հետ հարաբերությունները սերտ են և ջերմ` համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը կարևորեց երկու նախարարությունների միջև համագործակցությունը` ավելացնելով, որ Ռումինիայում հայ ժողովրդի` դարավոր պատմություն ունեցող մշակութային ներկայությունը և հարուստ ժառանգությունը կարևոր կամուրջ է երկու ժողովուրդների միջև:

   
     Վեհափառ Հայրապետը և Ռումինիայի Մշակույթի նախարարը զրուցեցին նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքից, Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերից: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը վերհիշեց իր հովվապետական այցերը Ռումինիա, հանդիպումները Դանիել պատրիարքի և երջանկահիշատակ Թեոկտիստ պատրիարքի հետ, նաև գոհունակությամբ անդրադարձավ ռումին ժողովրդի քրիստոնեական հավատի խորը ապրումին:

   


      Հանդիպման ավարտին հաջողություն մաղթելով հայ-ռումինական մշակութային գործակցությանը` Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց առավել զորացնել երկու ժողովուրդների դարերով փորձված բարեկամությունը: