Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահին 16.10.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահին

     Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկին և տարբեր երկրների ակադեմիաների ներկայացուցիչների` ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռադիկ Մարտիրոսյանի:
     Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ տարբեր երկրների ակադեմիաների ու գիտական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությանը` հույս հայտնելով, որ փորձի փոխանակությունը և սերտ գործակցությունը պիտի նպաստեն գիտության առաջընթացին: Խոսելով գիտական հաստատությունների առջև ծառացած դժվարությունների ու մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ դրանք կհաղթահարվեն գիտնականների կամքի, համատեղ ջանքերի և գիտական հաստատությունների գործունեության վերակազմակերպման շնորհիվ:
     Հանդիպման ընթացքում Ռումինիայի ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկը Վեհափառ Հայրապետին շնորհեց Ռումինիայի ակադեմիայի դոկտորի պատվավոր կոչում: Նորին Սրբությանը փոխանցելով պատվավոր դոկտորի վկայագիրը` տիար Հայդուկը մեծագույն պատիվ նկատեց այս արարողությունը նախագահելը` վերհիշելով Նորին Սրբության այցը Ռումինիայի ակադեմիա և դասախոսությունը: Այս առիթով Ռումինիայի ակադեմիայի նախագահն իր խոսքում ընդգծեց նաև, որ կրոնն ու գիտությունը ամբողջապես կարող են համագործակցել:
     Վերստին շնորհավորելով հայ ակադեմիկոսներին ՀՀ ԳԱԱ 70-ամյակի առիթով և երախտագիտություն հայտնելով ներկաներին այցի ու պատվավոր կոչման համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օգնականությամբ առավել արգասաբեր դառնա ակադեմիաների միջև ձևավորված համագործակցությունը: