Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռոստովի մարզի նահանգապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռոստովի մարզի նահանգապետին 09.11.2010

Նոյեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը մեծապես կարեւորեց տարբեր ոլորտներում Ռոստովի մարզի հետ Հայաստանի համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն պիտի առավել ամրապնդի երկու ժողովուրդների դարավոր կապերը եւ եղբայրությունը: Անդրադառնալով 2008թ. Ռոստովի մարզ կատարած Հովվապետական իր այցին` Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին եւ ի մասնավորի Ռոստովի մարզի նահանգապետին` մարզում հաստատված հայորդիների եւ Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող բարյացակամ եւ հոգատար վերաբերմունքի համար:

Իր հերթին Ռոստովի նահանգապետը շնորհակալություն հայտնեց հայոց հոգեւոր կենտրոն այցելելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար: Պրն. Գոլուբեւը Նորին Սրբությանը ներկայացրեց իր այցի արդյունքները եւ նախանշված համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին: