Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին
Ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի առիթով Հայաստան ժամանած ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, երկու երկրների դեսպանները:
Նորին Սրբությունը տիար Նարիշկինի եւ ՌԴ պատվիրակության այցը Մայր Աթոռ նկատեց իբրեւ արտահայտություն երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր եղբայրության ու ջերմ բարեկամության: Վեհափառ Հայրապետը նաեւ ողջունեց հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի անցկացումը` գոհունակությամբ նշելով, որ այն ավելի ընդգրկուն է դարձնում երկու պետությունների համագործակցությունը:
Իր խոսքում Սերգեյ Նարիշկինն ուրախություն հայտնեց հայոց հոգեւոր կենտրոն այցի առիթով: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ Ռուսաստանի եւ Հայաստանի պատմական կապերին եւ փոխադարձ զորակցությանը դժվարին պահերին: Երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում նա ընդգծեց Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա Հովվապետերի կարեւոր դերակատարությունն ու առաքելությունը:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաեւ ի դեմս ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերի, ինչպես նաեւ Ռուսաստանի հայ համայնքի նկատմամբ մշտապես դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար: Վերջում Վեհափառը, Հայրապետական իր օրհնությունը բերելով տիար Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը, մաղթեց, որ Աստված անխախտ, զորեղ ու առաջընթացի մեջ պահի ու պահպանի երկու ժողովուրդների բարեկամությունը: