Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Տրանսպորտի նախարարին
Հուլիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի:
Ողջունելով Ռուսաստանի Տրանսպորտի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ երկու երկրների գործակցային ջերմ հարաբերություններին: Նորին Սրբությունը կարևորեց երկու ժողովուրդների` քրտինքով և արյամբ նվիրագործված բարեկամական հարաբերությունների նախանձախնդիր պահպանումն ու զարգացումը: Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում նշեց, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության կերտման ակունքներում քրիստոնեական հավատն է եղել ու այսօր էլ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիներն առանձնակի ջանքեր են ներդնում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ սեպտեմբերին կայանալիք Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ հայկական եկեղեցու օծման արարողությանը, որը նշանակալի կարևորություն պիտի ունենա մասնավորապես Ռուսաստանի հայ համայնքի համար:
Իր հերթին Ռուսաստանի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը շնորհակալություն հայտնեց համաքրիստոնեական նշանակություն ունեցող հայոց հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար` ուրախությամբ արձանագրելով, որ երկու երկրների հարաբերությունները հատկանշվում են ոչ միայն սերտ գործակցային, այլև բարեկամական ոգով: