Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Տարածքային զարգացման նախարարին
Ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին` ուղեկցությամբ ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում անցկացվելիք հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին: Ամենայն Հայոց Հայրապետը եւ ՌԴ Տարածքային զարգացման նախարարն ընդգծեցին երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համագործակցության զարգացման կարեւորությունը, ինչը մեծապես պիտի նպաստի մարդկային կյանքում առկա տարբեր մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին եւ գործակցությանը` ի նպաստ հավատակից ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի: