Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահին
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի:
Հանդիպման սկզբում Նորին Սրբությունը ցավակցություն հայտնեց հոկտեմբերի 31-ին Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Իր հերթին տիկին Վ.Մատվիենկոն իր վշտակցությունը հայտնեց Նորին Սրբությանը ՌԴ Տուլա քաղաքի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի առիթով, որի զոհ են դարձել ՀՀ քաղաքացիներ:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ դարերի հոլովույթում ձևավորված հայ-ռուսական բարեկամական սերտ կապերին ու ներկայիս երկու երկրների միջև առկա գործակցությանը:
Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա հայկական համայնքները մշտապես զգացել են երկրի իշխանությունների աջակցությունն ու հոգածու վերաբերմունքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի իր գնահատանքը հայտնեց տիկին Վ. Մատվիենկոյին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ դրսևորած ջերմ վերաբերմունքի համար:
Ի պատասխան տիկին Մատվիենկոն ուրախություն արտահայտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի համար նշեց, որ հատուկ ակնածանք ունի հայ ժողովրդի և համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ընգծեց, որ ՌԴ-ում հայ համայնքների և նրանց գործունեության համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները` բազմադարյա հայ-ռուսական բարեկամության ոգուն համահունչ: Նա հավելեց, որ երկու ժողովուրդներին միավորում է քրիստոնեական միևնույն արժեքների վրա խարսխված հոգևոր ընդհանրությունը, որը զորանում ու ամրապնդվում է նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերով:
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Ղարաբաղյան համակարտության խնդրին: Զրուցակիցներն ընդգծեցին, որ այն կարող է կարգավորվել միմիայն խաղաղ, բանակցային ճանապարհով: Խոսվեց նաև հոգևոր առաջնորդների կողմից ձեռնարկվող խաղաղասիրական ջանքերի մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը խոսեցին նաև Միջին Արևելքում, ի մասնավորի Սիրիայում տիրող դժվարին իրավիճակին: Ցավով արձանագրվեց, որ երկրում տիրող ծանր կացության պատճառով տուժում է խաղաղ բնակչությունը, հատկապես վտանգվում է քրիստոնյաների կյանքը, կործանվում են սրբավայրեր և պատմամշակութային հնություններ:
Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ գործադրվող ջանքերի շնորհիվ խաղաղությունը շուտափույթ հաստատվի երկրում և Սիրիայի ժողովուրդը վերագտնի իր բնականոն կյանքի ընթացքը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավոր Տիրոջը, որպեսզի հայ և ռուս բարեկամ ժողովուրդների բարի իղձերը կյանքի կոչվեն և նրանց կյանքում բացառվեն աղետներն ու ամեն տեսակի դժվարությունները:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: