Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահին 11.07.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահին

Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաեւ եղբայրական հարաբերություններին համահունչ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը: Մասնավորապես ընդգծվեց, որ նման փոխադարձ այցելությունները գալիս են ավելի սերտացնելու եւ առավել խթանելու համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց օրեր առաջ ՌԴ Կրասնոդարի շրջանում տեղի ունեցած աղետին` ի դեմս տիկ. Մատվիենկոյի իր ցավակցությունն ու սրտակցությունը հայտնելով ՌԴ իշխանություններին եւ ժողովրդին ջրհեղեղի հետեւանքով զոհված հարյուրավոր քաղաքացիների համար:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահը խոսեցին նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ հարաբերությունների ու արդյունավետ համագործակցության, Ռուսաստանում հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքի կազմակերպման մասին: Այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունը եւ գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանություններին Ռուսաստանում հայորդիներին եւ Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության եւ ուշադրության, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիկ. Վալենտինա Մատվիենկոյին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սբ. Սահակ – Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան` հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, Սանկտ Պետերբուրգի հայկական հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման գործում ունեցած կարեւոր ներդրման համար:

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալի Աջը միշտ հովանի լինի երկու երկրներին եւ Աստծու օրհնությամբ անխախտ մնա երկու ժողովուրդների եղբայրությունը: