Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Գլխավոր դատախազին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Գլխավոր դատախազին 13.02.2009

Փետրվարի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի:

Ողջունելով պրն. Չայկայի այցը Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամությանը եւ երկու երկրների սերտ համագործակցությանը տարբեր ոլորտներում:

Խոսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու սերտ կապերի մասին` Նորին Սրբությունը նաեւ շնորհավորեց պրն. Չայկային Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի ընտրության եւ գահակալության առիթով:

Իր հերթին ՌԴ Գլխավոր դատախազն անդրադարձավ երկու պետությունների միջեւ առկա ջերմ հարաբերություններին: Նա վստահություն հայտնեց, որ երկու դատախազությունների համագործակցությունը բարի արդյունավորում կունենա եւ կծառայի երկու ժողովուրդների բարօրությանը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը: