Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Պլեներ Հայաստան-2016» գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցներին
Մայիս 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Պլեներ Հայաստան-2016» խորագրով գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցներին` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի և ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի:
Մայիսի 1-10-ն անցկացվող սիմպոզիումին մասնակցում են Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից և Իրանից 16 ճանաչված գեղանկարիչներ:
Հանդիպմանը խոսք ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը` վստահություն հայտնելով, որ միջազգային սիմպոզիումի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն անջնջելի տպավորություն կթողնի վերջիններիս հետագա ստեղծագործական կյանքի վրա: Ապա տիար Ռ. Միրզախանյանը Փարավոն Միրզոյանին հրավիրեց Նորին Սրբությանը ներկայացնելու սիմպոզիումի մասնակիցներին:
Այցի կապակցությամբ Փ. Միրզոյանը Մայր Աթոռի թանգարանին ընծայաբերեց Թեքեյան կենտրոնի մրացանակի արժանացած իր գեղանկարը` հավելելով, որ յուրաքանչյուր արվեստագետի համար մեծագույն պատիվ է Մայր Աթոռի թանգարանում նկար ունենալը:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը և գնահատանքը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու ստանձնած առաքելությանը, փաստեց, որ դարեր շարունակ` քրիստոնեական հավատքի ընդունման պահից ի վեր, Հայ Եկեղեցու հովանու ներքո է զարգացել հայ մշակույթը, կերտվել հայկական մշակութային արժեքների անգին գոհարներ, որոնցում տեսանելի է հոգևոր կյանքի արտահայտությունը:
Կարևոր նկատելով միջազգային սիմպոզիումի անցկացումը Հայաստանում` Հայոց Հովվապետը հավելեց, որ այսօրինակ նախաձեռնությունները նպաստում են մշակույթների միջև երկխոսության ավելի զորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև ձևավորվում է փոխհասկացողության ջերմ մթնոլորտ, որտեղ հնարավոր է դառնում ստեղծագործությունների միջոցով ծանոթանալ միմյանց աշխարհընկալումներին, մտածողությանը և ազգային-արժեքային ավանդներին:
Անդրադառնալով հայոց սահմաններին տիրող կացությանը և ցավալի կորուստներին` Նորին Սրբությունը հորդորեց արվեստագետներին` շարունակել աշխարհին խաղաղություն, համերաշխություն և մարդասիրություն քարոզելու իրենց առաքելությունը:
Վերջում Վեհափառ Հայրապետն աղոթքով մաղթեց, որ ներշնչանքը մշտապես անպակաս լինի սիմպզիումի մասնակից գեղանկարիչներից և աստվածատուր տաղանդը արդյունավորվի նորանոր գեղեցիկ ստեղծագործություններով:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: