Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը
Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և խորհրդի անդամների:
Հանդիպմանը տիար Վ. Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատվիրակության այցի նպատակը` կարևորելով համագործակցության համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները առաջընթաց են ապրում և սերտանում են ինչպես պետական փոխայցելություններով, այնպես էլ հանրային, մշակութային և տնտեսական զանազան կառույցների համագործակցությամբ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երկու խորհուրդների միջև սկզբնավորվող համագործակցությունը ևս կարևոր նպաստ կբերի երկու ժողովուրդների բարօրությանը և, ողջունելով նախաձեռնությունը, հաջողություն մաղթեց ներկաներին հետագա համատեղ աշխատանքներում:
Իր հերթին Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ Անջիանգ Յանգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց խորհրդի գործունեությունը: