Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի գլխավոր դատախազին
Մայիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ տիկ. Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ տիար Աղվան Հովսեփյանի:
Ողջունելով մեծարգո հյուրին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ տարբեր մակարդակների վրա տեղ գտնող շփումների եւ սերտ համագործակցության առիթով եւ հաջողություն մաղթեց երկու դատախազներին: Ի դեմս Չեխիայի գլխավոր դատախազի` Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Չեխիայի իշխանություններին` հայ համայնքի եւ Հայ Եկեղեցու հանդեպ դրսեւորվող ուշադրության եւ հոգատարության համար:
Հանդիպմանը խոսվեց նաեւ երկու երկրներում Եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ եկեղեցական կյանքի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգեւոր կենտրոնն է հայ ժողովրդի, այլեւ ազգային ինքնության դարբնոցը»,- ասաց Հայոց Հայրապետը` ներկայացնելով վերազարթոնք ապրող Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությունը:
Հանդիպումից հետո տիկ. Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վեհարանի թանգարան, Ալեք եւ Մարի Մանուկյանների գանձատուն եւ Մայր Տաճար: