Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկային
Սեպտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկային եւ նրան ուղեկից պատվիրակությանը:
Ողջունելով հյուրի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը համառոտ ներկայացրեց պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անցած դժվարին ուղին եւ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր երկիրն ազատ ու անկախ է, եւ Եկեղեցին հնարավորություն ունի ազատորեն իրականացնելու իր առաքելությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունները ջերմանում եւ առաջընթաց են ապրում, ինչը պիտի բարի արդյունքներ բերի երկու ժողովուրդներին: Նորին Սրբությունը նաեւ շնորհակալություն հայտնեց Չեխիայի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Իր հերթին Պրշեմիսլ Սոբոդկան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մեծապես կարեւորեց Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով պատմության ընթացքին Եկեղեցու զորակցությունը ժողովրդին, եւ ապա անդրադարձավ երկու երկրների միջեւ առկա հարաբերություններին եւ համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման անհրաժեշտության մասին: Իբրեւ մեծագույն արժեք նկատելով ժողովուրդների ազատ ու խաղաղ կյանքը` մեծապես կարեւորվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը խաղաղ գործընթացներով: