Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

Հուլիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների սերտացման առիթով` նշելով, որ երկու ժողովուրդների արժեքներն էլ խարսխված են քրիստոնեական ակունքների վրա: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ քրիստոնեական արժեքները պետք է հիմքը կազմեն մեր կյանքի` ընդգծելով, որ առանց Աստծո կյանքը չի կարող իր մեջ երջանկություն պարունակել:

Իր հերթին նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ հայոց պատմության ընթացքին Հայոց Եկեղեցու կարեւոր դերակատարությանը: Պրն. Շվարցենբերգն իր այցն իբրեւ սկիզբ նկատեց երկկողմ համագործակցության` կարեւորելով այն նաեւ պետության անցման շրջանի, տնտեսական եւ սոցիալական դժվարությունների հաղթահարման փորձառության փոխանակման առումով:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարվեց Չեխիայում ձեւավորվող հայ համայնքին, Չեխիայի հոգեւոր կյանքին եւ եկեղեցի-պետություն հարաբերություններին: