Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահին  03.12.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահին


     Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի:
     Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ փոխայցելությունների շնորհիվ բարեկամ երկու ժողովրդների միջև կապերն ավելի են ընդլայնվում և խորանում: Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց, որ երկու երկրների արժեհամակարգում առկա են մեծ ընդհանրություններ` խարսխված քրիստոնեական արժեքների վրա, ինչը ևս պարարտ հող է ստեղծում համագործակցության համար:
Անդրադառնալով նոյեմբերին իր հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի այցին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայ Առաքելական և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունները, որոնք գործնական նախաձեռնություններով առավել կզորանան:
     Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նաև Չեխիայի իշխանություններին Չեխիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` գոհունակությամբ վկայակոչելով այն իրողությունը, որ չեխահայության հոգևոր կյանքի արդյունավետ կազմակերպման համար Կաթոլիկ Եկեղեցու կողմից հայ համայնքին Պրահայում եկեղեցի է տրամադրվել:
     Իր հերթին պրն. Յան Համաչեկն ուրախություն հայտնեց հանդիպման առիթով: Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն անդրադարձավ Հայաստան այցի արդյունքներին և հայ-չեխական գործակցությանը տարբեր ոլորտներում: Յ. Համաչեկը տեղեկություններ փոխանցեց Չեխիայի ժողովրդի հոգևոր կյանքի, եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին:
     Զրույցի ընթացքում խոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այս առնչությամբ Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշեց, որ հայ և չեխ ժողովուրդները անցյալում շատ ողբերգական էջեր են ունեցել և լավ գիտեն խաղաղության արժեքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և պրն. Յան Համաչեկը հաստատեցին, որ ԼՂՀ հիմնահարցի կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս առիթով Նորին Սրբությունը ներկայացրեց նաև այս ուղղությամբ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերը:
     Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: