Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին
Մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Ալմադրո Լեմեսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով նախարարի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերություններին ` վստահություն հայտնելով, որ նման այցելություններն առավել կխթանեն Հայաստանի և Ուրուգվայի միջեւ ձևավորված համագործակցությունը` ի բարօրություն երկու ժողովուրդների:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս տիար Լեմեսի, երախտագիտություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչելու եւ դատապարտելու համար:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Ուրուգվայի Հայոց թեմին եւ հայ համայնքին, որոնք կարեւոր դերակատարություն ունեն երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման գործում:
Ուրուգվայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ իր հերթին կարեւորեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը: Նախարարը նշեց նաեւ, որ երկու ժողովուրդները կրողն են միևնույն արժեքների ու սկզբունքների, ինչը կարեւոր հիմք է հարաբերությունների արդյունավետ զարգացման համար: