Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Սենատի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Ուրուգվայի Սենատի նախագահին 09.12.2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Սենատի նախագահին

     Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը:
     Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման և զորացման համար: Նորին Սրբությունը, վերհիշելով Ուրուգվայ կատարած իր երկու հովվապետական այցերը, գնահատանքով ընդգծեց, որ միշտ զգացել է հայ ժողովրդի նկատմամբ երկրի իշխանությունների կողմից դրսևորվող բարյացակամ վերաբերմունքը և հարգանքը, ինչն իր գործնական արտահայտությունն է գտել հայ համայնքի կյանքում: Հայոց Հայրապետը նկատեց, որ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ և Ուրուգվայում հաստատված հայորդիներն իրենց նվիրյալ ծառայությամբ այսօր կարևոր ներդրում են բերում երկրի զարգացման գործում` ներգրավված լինելով կյանքի բոլոր ոլորտներում:
     Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունը աշխարհում առաջինը ճանաչելու և դատապարտելու համար` հավելելով, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտությամբ է գնահատում այս քայլը:
      Իր հերթին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահն ուրախություն հայտնեց համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առիթով` նշելով, որ դրանով նպատակ է հետապնդում զորացնել երկրների միջև նաև հոգևոր կապերը: Իր խոսքում տիար Դ. Աստորին հաստատեց, որ հայերն Ուրուգվայի հասարակության մաս են կազմում և մեծապես նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը:
     Ամենայն Հայոց Հայրապետը և Ուրուգվայի Սենատի նախագահը մասնավոր անդրադարձ կատարեցին ներկայիս աշխարհում հոգևոր արժեքների ամրապնդման անհրաժեշտությանը` դրանում կարևորելով նաև Եկեղեցու առաքելությունը: Ազատությունն ու խաղաղությունը նկատելով բարձրագույն արժեքներ` զրուցակիցները հաստատեցին, որ միայն դրանց պահպանության և զորացման պարագային է հնարավոր ունենալ մարդկության բարօրությունն երաշխավորող աշխարհ: