Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի նախարարին
Նոյեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի:
Ողջունելով նախարարի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ հայ ժողովրդի զավակներն օգտաշատ ծառայություն են բերում և պետական բարձր պաշտոններ զբաղեցնում Ուրուգվայի պետական կյանքում` հարգանք ու պատիվ հավելելով մեր ժողովրդի բարի անվանը: Ապա անդրադառնալով Ուրուգվայի հայ համայնքային կյանքին` Նորին
Սրբությունն իր երախտագիտությունը փոխանցեց երկրի պետական իշխանություններին` հայ ժողովրդի զավակների հանդեպ ցուցաբերվող հոգատարության համար: Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր գոհունակությամբ ընդգծեց, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որ ճանաչել և դատապարտել է Հայոց
ցեղասպանությունը, ինչն արտահայտությունն է հայ ժողովրդի հանդեպ տածած սիրո, հարգանքի և գնահատանքի:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Հայաստանի և Ուրուգվայի բարեկամական հարաբերությունների մասին, որոնք զարգանում են` ընդգրկելով գործակցության նորանոր ոլորտներ:
Իր հերթին Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն ուրախություն հայտնեց համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալվելու առիթով: Նախարարը կարևորեց երկու երկրների ջերմ գործակցային հարաբերությունների ամրապնդումը տարբեր բնագավառներում, մասնավորապես տուրիզմի զարգացման ոլորտում:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր ողջույնները փոխանցեց Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային, ում հետ հանդիպել էր Ուրուգվայ կատարած հովվապետական այցի ընթացքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մաղթանքները հղեց Ուրուգվայի հայ համայնքին` հորդորելով շարունակել ամուր ու հաստատուն պահել համայնքային կյանքը և կարևոր ներդրում ունենալ Ուրուգվայի կյանքում: