Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահին
Հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների ու հավատակից ժողովուրդների ջերմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին ու համագործակցությանը: Վեհափառ Հայրապետն ու Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը խոսեցին նաև հոգևոր արժեքների կարևորության, հասարակական կյանքում Եկեղեցիների միաբանող դերակատարության մասին:
Իր խոսքում Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց ի դեմս պրն. Լիտվինի Ուկրաինայի իշխանություններին հայ համայնքի և Ուկրաինայի հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Գոհունակությամբ արձանագրվեց նաև, որ Ուկրաինայում հայ համայնքին ընձեռնված են բոլոր պայմանները ազգային-եկեղեցական կյանքի լիարժեք կազմակերպման համար: