Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Շուշի» պարախմբի անդամներին

Հուլիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմից Հայաստան ժամանած Նյու Յորքի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցու «Շուշի» պարախմբի անդամներին` գեղարվեստական ղեկավար Սեդա Պասկալյանի ուղեկցությամբ:

Վեհարանի հարկից ներս ողջունելով պարախմբի անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց պարախմբի անդամ պատանիներին ու երիտասարդներին եւ իր գնահատանքը հայտնեց գեղարվեստական ղեկավարին եւ պարուսույցներին` երիտասարդներին պարարվեստին եւ ազգային արժեքներին հաղորդ դարձնելու համար: Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդներին փարված մնալ ազգային արժեքներին, սիրել իրենց Հայրենիքը եւ Եկեղեցին, հավատարիմ մնալ իրենց ազգային ինքնությանը եւ մշակույթին:

Նորին Սրբությունը մաղթեց պարախմբի անդամներին Աստծո օրհնությամբ նորանոր հաջողություններ, որպեսզի իրենց արվեստով շարունակեն ուրախություն եւ երջանկություն պարգեւել հայորդիների շատ ու շատ սրտերին ինչպես ԱՄՆ-ում եւ Հայրենիքում, այնպես եւ Հայրենիքի սահմաններից դուրս` հռչակ բերելով մեր ազգին:

Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց երիտասարդների հարցերին` առաջիկային` սեպտեմբեր 28-ին, կատարվելիք Մյուռոնօրհնության արարողության, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի, Հայրենիքում իրականացվող եկեղեցաշինության եւ ազգային-եկեղեցական կյանքին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում որոշվեց, որ «Շուշի» պարախումբը հանդես կգա համերգային ծրագրով նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Սբ. Տրդատի բաց խորանի առջեւի հարթակում, հուլիսի 9-ին, ժամը 20.00-ին:

Հանդիպմանը ներկա էր Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: