Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարին 09.11.2011
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարին

Նոյեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին: 
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորեց երկու երկրների միջև սերտ հարաբերությունների ձևավորումը, կրթության և մշակույթի ոլորտներում ակտիվ գործակցության զարգացումը: Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ 1988թ-ի երկրաշարժի ՀՀ անկախության քսան տարիների ընթացքում Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած կարևոր աջակցությանը: Նորին Սրբությունը ներկայացրեց նաև Հայ Եկեղեցու գործունեությունը:
Ուրախություն հայտնելով, որ նախարարի այցը տեղի է ունենում նորվեգացի մեծագույն հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի հայաստանյան տոնակատարությունների օրերին` Նորին Սրբությունը նշեց, որ Ֆ. Նանսենն իր իրականացրած կարևոր մարդասիրական առաքելությամբ առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում:
Պրն. Յոնաս Շտյորեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ Հայոց Եկեղեցու դերակատարությանը Հայաստանում և աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման և տարածման գործում:


Հանդիպման ընթացքում նաև խոսվեց Նորվեգիայի փոքրաթիվ հայ համայնքի, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների ու միջկրոնական երկխոսության մեջ ներգրավվածության մասին: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին: