Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիսի քաղաքապետին

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիսի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրային եւ իր տիկնոջը` ուղեկցությամբ Նիսի հայ համայնքի ներկայացուցիչների եւ Նիսի հոգեւոր հովիվ Տ. Վաչե քահանա Հայրապետյանի:

Ողջունելով քաղաքապետի անդրանիկ այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետը վերհիշեց իր հանդիպումը պրն. Պեյրայի հետ Նիսում Ֆրանսիա կատարած Հովվապետական իր առաջին այցելության ժամանակ 2000թ.-ին: «Ուրախ ենք, որ մեր ժողովրդի զավակները Ցեղասպանությունից հետո կարողացել են իրենց ազգային-եկեղեցական կյանքը կազմակերպել հյուրընկալ Ֆրանսիայում եւ դարձել են նաեւ արժանավոր քաղաքացիները ձեր երկրի», - ասաց Նորին Սրբությունը` ի դեմս քաղաքապետի շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին հանդեպ հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերվող հարգանքի եւ սիրո համար:

Իր հերթին, Նիսի քաղաքապետն իր ուրախությունը հայտնեց այցի առիթով եւ Հայոց Հայրապետին ներկայացրեց Հայաստան կատարած իր առաջին այցի տպավորությունները: «Հայաստանը մեր սրտում է», - ասաց պրն. Պեյրան: Խոսելով Նիսի հայ համայնքի մասին` նա այն բնութագրեց իբրեւ աշխատասեր, հավատարիմ եւ օրինապահ:

Հանդիպման ընթացքին անդրադարձ եղավ նաեւ խորհրդային տարիներին Եկեղեցու առջեւ ծառացած դժվարություններին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայիս գործունեությանը եւ հոգեւոր կյանքի վերազարթոնքին: Խոսվեց 21-րդ դարում Եկեղեցու առաքելության մասին: