Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի ռեկտորին
Հոկտեմբերի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ու օրհնությունը բերելով սրբազանին` ընդգծեց, որ քույր Եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելությունները հարմար առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և մեր հավատավոր ժողովրդին, դարերի հոլովույթում նրա կերտած ազգային-հոգևոր արժեքներին:
Զրույցի ընթացքում կարևորվեցին երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ և եղբայրական հարաբերությունները, մասնավորապես հոգևոր-կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրին: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից մեկին` հոգևորականների պատրաստությանը: Տեղեկացնելով, որ իր գահակալության տարիներին շուրջ երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել և ծառայության կոչվել Հայ Եկեղեցու անդաստանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ դեռ բազում անելիքներ կան այդ ոլորտում` հույս հայտնելով, որ Հայստանում գործող երեք կրթական հաստատությունները` Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Հառիճավանքի ընծայարանը, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ երիտասարդների համար բացված քահանայից լսարանները պիտի լրացնեն եկեղեցականների պակասը:
Իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենին երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար` նշելով նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի շրջանավարտ, Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը: