Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Հայորդյաց տան սաներին
Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվայի Հայորդյաց տան ստեղծագործական խմբերին` ուղեկցությամբ Հայորդյաց տան տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանի:
Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` տեսուչ Տեր հայրը տեղեկացրեց, որ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ եւ մոսկվաբնակ հայ բարերար Էդգար Արամյանի հովանավորությամբ, հաստատության սաներն ամեն տարի ուխտագնացության են գալիս հայրենի երկիր` այցելելու սրբավայրեր եւ հաղորդ դառնալու ազգային ու հոգեւոր սրբազան արժեքներին: Տեր հայրն իր խոսքում նշեց, որ Հայորդյաց տան ստեղծագործական խմբերը` «Գավիթ» թատրոնը, «Հայասա» ու «Ովսաննա» պարային համույթները եւ «Նորահրաշ» երգչախումբը, արդեն ելույթներով հանդես են եկել Հայաստանի մի շարք Հայորդյաց տներում:
Այնուհետեւ, Վեհափառ Հայրապետը, ողջունելով Հայորդյաց տան սաների ներկայությունը համայն հայության հոգեւոր կենտրոնում, ուրախություն հայտնեց երիտասարդների ստեղծագործական ձեռքբերումների կապակցությամբ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայորդյաց տան սաների հաջողությունները վկայությունն են թեմական կյանքում ծավալվող հոգեւոր եւ հայապահպան աշխույժ գործունեության: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանին` եկեղեցու հովանու ներքո երիտասարդներին կրթելու եւ հայ ազգային ավանդները նրանց մեջ ամուր պահելու համար:
Հանդիպման ժամանակ «Նորահրաշ» երգչախումբը հանդես եկավ ազգային եւ հոգեւոր երգերի գեղեցիկ կատարումներով: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց Հայորդյաց տան սաներին` մաղթելով միշտ հավատարիմ մնալ ազգային եւ եկեղեցական արմատներին, անաղարտ պահել իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը: