Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Միջազգային իրողություններ եւ հարաբերություններ» կազմակերպության անդամներին
Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Միջազգային իրողություններ եւ հարաբերություններ» ֆրանսիական կազմակերպության անդամներին` գլխավորության կազմակերպության նախագահ Ժան Միշել Ֆովի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջեւ առկա առանձնահատուկ ջերմ հարաբերությունների առիթով, իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին` հայ ժողովրդին եւ հայոց պետությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում բերվող զորակցության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանում առկա խնդիրներին, ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ Հայաստանի ներքաղաքական կյանքին: Խոսվեց նաեւ միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների մասին: