Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միլանի նահանգապետին
Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին` մասնավորապես խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և սերտ համագործակցությանը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները հատկանշված են նույն բարեկամությամբ, որին իր նպաստը կբերի նաև Հայաստանի և Իտալիայի երկու մարզերի համագործակցությունը:
Անդրադառնալով Իտալիայի և մասնավորապես Միլանի հայ համայնքին ու նրա օգտակար ծառայությանն երկրի կյանքում` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց այն հոգատարության համար, որ դրսևորվում է հայ համայնքի հանդեպ:
Իր հերթին, Միլանի նահանգապետն անդրադարձավ մարզերի համագործակցությանը, տնտեսական-ներդրումային ծրագրերին, ինչպես նաև խոսեց Իտալիայի հայ համայնքի կարևոր ներդրման մասին երկու ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց ցեղասպանության 97–րդ տարելիցին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով ընդգծեց, որ թե´ Իտալիան, թե´ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին ճանաչել և դատապարտել են Հայոց Մեծ Եղեռնը: Նորին Սրբությունը համոզմունք հայտնեց, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները մարդկության կյանքում: