Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համագումարի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համագումարի մասնակիցներին  17.06.2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանների համագումարի մասնակիցներին

     Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը կսկսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը:
      Հունիսի 16-ին «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց համագումարի առիթով Մայր Աթոռ ժամանած միաբաններին:
Տերունական աղոթքից հետո համագումարի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը որդիական երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում միաբանության համախմբման այս հնարավորության համար: Հայր Սուրբն ընդգծեց, որ Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ այս հավաքն առիթ պիտի լինի խոկման, միաբանական ծառայական ուխտի նորոգության և հոգևոր առաքելության արժևորման ու իմաստավորման համար: Մայր Աթոռի միաբանների անունից Հայր Կոմիտասը վերահաստատեց Սուրբ Էջմիածնի հանդեպ միաբանների հավատարմությունը և Ամենայն Հայոց Հայրապետին զինակցության ուխտը` վստահեցնելով, որ իրենց ծառայությամբ ամենքը պիտի շարունակեն մնալ նվիրյալ մշակները հայոց ազգի, Հայրենիքի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի:
     Այնուհետև ներկաներին Հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գնահատանք հայտնելով միաբաններին Մայր Աթոռի հանդեպ իրենց հավատարմության և հավատավոր ժողովրդին ամբողջանվեր ծառայության համար` Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատեց, որ միաբանության ստվարացող շարքերը ոչ միայն Հայոց Հայրապետին են ուրախություն և մխիթարություն պարգևում, այլև հավատ և հույս են ներշնչում հավատավոր հայ ժողովրդին Եկեղեցու վաղվա լուսավոր օրվա նկատմամբ: Նորին Սրբությունը ողջունեց նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչների մասնակցությունը ժողովին:
     Իր խոսքում Հայոց Հովվապետը գոհունակությամբ նշեց, որ ավանդաբար` երկու տարին մեկ Մայր Աթոռում գումարվող միաբանական հավաքը գեղեցիկ առիթ է միաբանական ուխտի նորոգության, սիրո և փոխգործակցության ոգու զորացման, կրտսեր միաբաններին հովվական փորձառություն փոխանցելու, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրներ քննարկելու համար:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց, որ շնորհիվ Եկեղեցու հոգևոր սպասավորների և ժողովրդի բարեպաշտ զավակների ծառայանվիրումի և համատեղ աշխատանքի Եկեղեցին պայծառանում է և տարեց տարի ավելանում է եկեղեցական-հոգևոր կյանքի մեջ ներգրավվող հայորդիների թիվը: Միաժամանակ Նորին Սրբությունը նաև ցավով նշեց, որ այդ ճանապարհին երբեմն նկատվում են եկեղեցականությանն ու Եկեղեցու հետևորդներին անհանգստացնող անցանկալի ու ավերիչ երևույթներ, և հորդորեց եկեղեցականներին ամեն ջանք ի գործ դնել և նախանձախնդիր, օրինակելի ծառայությամբ ավելիով ջանալ ժողովրդին հեռու պահել կործանարար ընթացքներից, համախմբել հայրերի ճշմարիտ հավատի և ազգային արժեքների շուրջ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ առաջիկա համագումարին յուրաքանչյուր միաբան հնարավորություն ունենա անդրադարձ կատարելու իր ծառայական կոչմանը և հավաքը դառնա հոգևոր նորոգության, ինքնաքննության գեղեցիկ առիթ:
     Նույն օրը միաբանությունը Ս. Հռիփսիմե վանքում ներկա գտնվեց Ս. Հռիփսիմյանց տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին: