Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությանը
Նոյեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օծման և գահակալության 16-րդ տարեդարձի առիթով ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը:
Հանդիպումն սկսվեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Սրբազանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, մասնավորապես անդրադարձ կատարեց անցնող տարվա ընթացքում հոգևոր-եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին:
Հանուն Մայր Աթոռի պաշտոնեության շնորհավորանքի խոսք ասաց նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանի տնօրեն պրն. Հարություն Գյումուշյանը:
«Վեհափա՛ռ Տեր, այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց կյանքի մի զգալի ժամանակահատված միահյուսված է Մայր Աթոռի ընթացքի հետ, և մենք մշտապես տեսնում ենք, թե Դուք ինչպիսի ներշնչանքով, անկոտրում կամքով ու անխոնջ աշխատանքով ուղղորդում եք մեր Սուրբ Եկեղեցին: Ձեր նվիրումն ու եռանդը ոգեշնչում են մեզ, Վեհափա՛ռ Տեր, և մենք էլ, մեր հերթին, փորձում ենք թեկուզ և չնչին կերպով նպաստել այն եկեղեցաշեն ու ազգանվեր գործին, որ իրականացնում եք տարիների ընթացքում:
Գաղտնիք չէ, թե որքան կարևոր ծրագրեր եք կյանքի կոչել, թե՛ հոգևոր-կրթական ոլորտում, թե՛ եկեղեցական կյանքում, թե՛ Քույր Եկեղեցիների հետ հարաբերություններում, թե որքան հիմնարար հարցեր եք լուծել մեր Եկեղեցու ամրապնդման ու զորացման համար և՛ Սփյուռքում, և՛ հայրենիքում: Վստահաբար, պատմությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին կոչելու է` որպես եկեղեցաշեն և ազգանվեր Կաթողիկոս, որովհետև դեռ ժամանակի ընթացքում են վեր խոյանալու և պտուղ տալու այն ծրագրերը, որոնց սերմերն արդեն ցանված են այսօր», - նշեց նա իր խոսքում` մաղթելով, որ Աստված ուժ և զորություն տա Նորին Սրբությանը` այս դժվարին ժամանակներում վառ պահելու քրիստոնեության ջահը և իր իմաստությամբ ու անսահման նվիրումով երկար տարիներ առաջնորդելու հայ ժողովրդին:
Այնուհետև Մայր Աթոռի աշխատակիցներին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ուրախություն հայտնելով հանդիպման առիթով` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Մայր Աթոռի աշխատակիցները, երբեմն նաև մեծ զոհողությունների գնով, սիրով և հանձնառության ոգով իրենց ծառայությունն են բերում հայոց հոգևոր կենտրոնին` գիտակցելով, որ Մայր Աթոռը հայոց ազգի տունն է, պատիվը և դեմքը:
«…Մեր ակնկալությունն է, որ մեր պաշտոնեությունը շարունակի նույն նախանձախնդրությամբ ու նվիրումով իր ծառայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փառքի և պայծառության համար:
Ցանկանում ենք բարձր գնահատանքի արժանացնել բոլորիդ աշխատանքը. նվիրյալ ոգով ու սրտով դուք ձեր ծառայությունն եք մատուցում: Այն ինչ որ իրագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ողջ աշխատակազմի ձեռքբերումն է: Հավաքական, մեր բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է այն, ինչ որ մենք արձանագրում ենք որպես հաջողություն: Յուրաքանչյուր աշխատակից իր նվիրյալ ջանքերով է ապահովում այս հաստատության առաջընթացը, և մենք մեծապես ուրախ ենք և բարձրորեն գնահատում ենք…», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Հանդիպումն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով: