Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մադրիդի «Սան Դամասո» աստվածաբանական ճեմարանի ներկայացուցիչներին
Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «Սան Դամասո» կաթոլիկ ճեմարանի դասախոսներին, սաներին և նրանց ծնողներին` ուղեկցությամբ Մադրիդի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանի:
Հանդիպման սկզբում Հայր Շնորհքը տեղեկացրեց, որ «Սան Դամասո» կաթոլիկ ճեմարանի պաշտոնեության՝ Հայաստան այցի նպատակն էր ուխտավորաբար այցելել Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրենիքը և ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Այնուհետև հյուրերին իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը` ընդգծելով կարևորությունը հավատակից եղբայրների այցի, որով ավելիով է զորանում փոխճանաչողությունն ու ամրանում եղբայրական կապերը ժողովուրդների միջև:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների մասին` գոհունակությամբ վերհիշելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տարվույս ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ձեռամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցված սուրբ և անմահ պատարագի արարողությունը:
Վեհափառ Հայրապետը Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա խոր հարգանքի և արդյունավետ համագործակցության տեսանելի վկայություն նկատեց նաև այն, որ հայ հոգևորականներից շատերն իրենց հոգևոր կրթությունը շարունակում են տարբեր կաթոլիկ համալսարաններում: Այս առիթով Վեհափառ Հայրապետը Մադրիդի կաթոլիկ ճեմարանի սաներից մի քանիսին հրավիրեց Հայաստան՝ ուսանելու գրաբար և ծանոթանալու Հայ Եկեղեցու առաքելությանը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, պատմական ակնարկով ներկայացնելով հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու անցած դարավոր ուղին, անդրադարձավ Հայ Եկեղեցու ներկայիս եկեղեցական-հովվական կյանքին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնց վերաբերում էին քրիստոնեկան դաստիարակությանը, հոգևորականաց պատրաստության ընթացակարգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական գործունեությանը, եկեղեցաշինության վիճակագրությանը, ինչպես նաև Սփյուռքում հայապահպանության գործում Հայ Եկեղեցու ունեցած կարևոր դերակատարությանը: