Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալին

Հոկտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ Տիար Ս. Դիարայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիար Ներսես Երիցյանի:

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրի ներկայությունը հայոց նվիրական սրբավայրում, անդրադարձավ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրման պատմությանը, նրա առաքելությանը հայ ժողովրդի կյանքում եւ արդի մարտահրավերներին: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ ՄԱԿ-ն իր առաքելությունն ունի իրականացնելու ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում` խաղաղության հաստատման, աղքատության նվազման եւ մարդկանց սրտերում բարության հաստատման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ Տիար Ս. Դիարան անդրադարձավ ՄԱԿ-ի գործունեությանը, արդի մարտահրավերները հաղթահարելու նրա ծրագրերին` շեշտելով հոգեւոր արժեքների նշանակությունը մարդու կյանքում: ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալը նշեց, որ ՄԱԿ-ն աշխատում է օգտակար լինել Հայաստանին զանազան ասպարեզներում` կարեւորելով նրա հարաբերություններն իր հարեւանների հետ:

Այնուհետեւ Նորին Սրբությունը նշեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին իր կողմից նույնպես ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար` անդրադառնալով Ռուս Ուղղափառ Եկեղեցու նախաձեռնությամբ Կովկասի հոգեւոր պետերի քառակողմ հանդիպումներին: Հայոց Հայրապետը նաեւ իր մտահոգությունն արտահայտեց Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման առնչությամբ` ընդգծելով, որ նման վայրագություններին ՄԱԿ-ը եւ մյուս միջազգային կազմակերպությունները պետք է իրենց հստակ գնահատականը տան` կանխելու համար նմանօրինակ երեւույթների կրկնությունն ապագայում: