Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին
Մարտի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի միջեւ ձեւավորված համագործակցությանը, ինչպես նաեւ համաժողովի ներդրած ջանքերին ի նպաստ Հայաստանի տնտեսական առաջընթացի եւ մրցակցային օրենսդրության բարելավման:
Այս առիթով Նորին Սրբությունը, ի դեմս ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի, իր գնահատանքը հայտնեց միջազգային այն բոլոր կազմակերպություններին եւ ծրագրերին, որոնք զորակցում են Հայաստանի Հանրապետությանը` երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց նաեւ քրիստոնեական հավատի կարեւոր դերակատարությունը հայոց կյանքում` վստահություն հայտնելով, որ մեր ժողովուրդն իրեն հատուկ խորը հավատքով, խոհեմությամբ, աշխատասիրության ու լավատեսության ոգով կհաղթահարի կյանքի բոլոր դժվարությունները:
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն այցելեց նաեւ Մայր Աթոռի թանգարան, ծանոթացավ Հայ Եկեղեցու հոգեւոր-եկեղեցական արժեքներին: