Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությանը
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռ ժամանած Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Արեւելյան Եկեղեցիների Քահանայապետական Կոնգրեգացիայի պրեֆեկտ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի: Հանդիպմանը ներկա էին նաեւ Զմմառի Կաթոլիկ Հայոց Պատրիարքություն ներկայացուցիչ Տ. Վարդան եպիսկոպոս Աշքարյանը եւ Մխիթարյան Միաբանություն վանահայր Հայր Եղիա Քիլաղպյանը:
Հրաժեշտի հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարդինալ Սանդրիի միջոցով ի Քրիստոս իր ողջույններն ու շնորհակալությունը փոխանցեց Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Պապին` Հայոց Եկեղեցու հանդեպ ցուցաբերած եղբայրական սիրո ու հարգանքի համար:
Իր հերթին Կարդինալ Լեոնարդո Սանդրին ուրախություն հայտնեց Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա սերտ հարաբերությունների ու համագործակցության առիթով, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեց Հայ Կաթողիկե Եկեղեցու նկատմամբ Հայոց Հայրապետի ուշադրության համար: