Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի պաշտպանության նախարարին
Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ ՊՆ փոխնախարար գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի եւ ՀՀ բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Նորայր աբղ. Սիմոնյանի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Հայրապետն ուրախություն հատնեց Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ զարգացող գործընթացների ու ջերմ հարաբերությունների համար: «Մենք գիտենք, որ անկախության առաջին իսկ օրերից ձեւավորվել են այդ կապերն ու համագործակցությունը, եւ առաջին մեր սպաները իրենց կրթությունը եւ իրենց զինվորական գիտելիքների կատարելագործումը ձեռք են բերել Հունաստանում: Այս համագործակցությունը, անշուշտ, արտահայտությունն է այն դարավոր, բարեկամական, եղբայրական կապերի, որ բնորոշ են եղել մեր երկու ժողովուրդներին: Եւ ուրախ ենք, որ այդ ոգին շարունակվում է, ավելի զորանում եւ ամրանում է: Վստահ ենք, որ այդպես է լինելու բոլոր ժամանակներում: Ճակատագիրը մեզ եղբայրացրել է եւ մեր ընթացքը նույնական դարձրել: Միմյանց պիտի աջակցենք ու զորակցենք` կյանքի կոչելով մեր նպատակները»,- ասաց Նորին Սրբությունը:
«Ժամանել ենք Հայաստան, որպեսզի փոխանցենք հայ ժողովրդին այն մեծ սերը, որ հույն ժողովուրդը տածում է հայերի հանդեպ»,- նշեց նախարարը` խոսելով հայ-հունական հարաբերությունների առավել զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների լուծման մասին:
Վեհափառ Հայրապետը պրն. Սպիլիոտոպուլոսի միջոցով նաեւ իր եղբայրական ջերմ ողջույնները փոխանցեց Աթենքի եւ Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Քրիստոդուլոսին: