Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կարակոպուլոսին
Փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մաքսիմոս Կարակոպուլոսին եւ իր գլխավորած պատվիիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի:
Հանդիպման ընթացքին խոսվեց հայ եւ հույն ժողովուրդների պատմական ընդհանրությունների եւ երկու պետությունների միջեւ առկա ջերմ բարեկամական կապերի ու համագործակցության մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայ Առաքելական եւ Հույն Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին: Այս առիթով Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Մայր Աթոռի հինգ միաբաններ այսօր իրենց աստվածաբանական ուսումն են շարունակում Հունաստանի բարձրագույն կրթական հաստատություններում: Հայոց Հայրապետը նաեւ ի դեմս Հունաստանի խորհրդարանի պատգամավորի շնորհավորեց հույն ժողովրդին Աթենքի եւ Համայն Հելլադայի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին ընտրության առիթով:
Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում փետրվար 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: